Արևմտահայ բանաստեղծ ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑԸ գրական ասպարեզ իջավ այն ժամանակ, երբ ամբողջ թափով մոլեգնում էին համիդյան բռնությունները։ Սուլթանը հասել էր մոլագարության։ Սեփական ստվերից անգամ վախեցող մարդակերը արգելք էր դնում այն ամենի վրա, ինչ կասկածելի կարող էր թվալ իրեն։ Նրա դաժանությունն ակնառու էր մասնավորապես հպատակ ժողովուրդների խոսքի ազատության ու մշակույթի հարցերում։ Եվ այս ամենն արվում էր իրականությունը քողարկելու համար։ Համիդն արգելում էր անդրադառնալ ժողովրդի կյանքին՝ համարելով դա «պետական դավաճանություն»։
Օրինակ, «Բյուզանդիոն» թերթի խմբագիրն աքսորվեց՝ թերթի ճակատին «Հայագիտական» գրելու համար։ Իսկ «Արևելք» թերթը դատապարտվեց լոկ նրա համար, որ հոդվածներից մեկն ավարտվում էր բազմակետով։
Արգելված էին այն բոլոր բառերն ու բառակապակցությունները, որոնք այս կամ այն կերպ ակնարկում էին ազատության ու պայքարի մասին՝ Հայաստան, հայրենիք, ազգային, ազատություն, աստղ, պայքարել, ապստամբ և այլն։
Արգելվում էր անգամ ջրի ֆորմուլան՝ H2O-ն, քանի որ կարող էր կարդացվել Համիդ 2-րդը զրո է։
Չպիտի գործածվեր «մեծ քիթ» արտահայտությունը, որովհետև Համիդի քիթը մեծ էր։
Բառարանից հանվել էր «համիլյե» բառը, որ արաբերեն նշանակում էր «ավանակ»։
Չպետք է օգտագործվեր «աստղն ընկավ կամ խավարեց» բառակապակցությունը, որովհետև Կարմիր սուլթանն ապրում էր «Աստղի պալատում» (թուրքերեն՝ Յալդըզ քյոշկ)։
Փաստորեն թերթերում պիտի տպագրվեին միայն իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող նյութեր, գովազդներ, հայտարարություններ կամ ոչինչ չասող անարժեք ստեղծագործություններ։ Ահա այսպիսի պայմաններում լույս տեսավ Մեծարենցի առաջին գիրքը՝ «Ծիածան» վերնագրով։
Քննադատներից ոմանք շտապում են մեղադրել Մեծարենցին, որ իր երկերում չի անդրադարձել հայրենիքի թեմային, չի պատկերել սեփական ժողովրդի ողբերգությունը։ Ինչպես նկատում է Սուրեն Շտիկյանը, համիդյան նման խիստ ռեժիմի պայմաններում, բանաստեղծը չէր կարող անդրադառնալ հայրենիքի թեմային, մանավանդ որ նրան օր օրի հյուծում էր մահացու հիվանդությունը։ Մաքուր, անաղարտ հոգիները փարված են բնությանը, նրա մեջ են փնտրում իրենց խոհերի, մտորումների, երազանքների արձագանքները։
Այսօր հունիսի 5-ն է՝ արևմտահայ վաղամեռիկ հանճարի հիշատակի օրը, մի անաղարտ հոգի, որ հրաժեշտ տվեց կյանքին ամենածաղկուն հասակում, բռնկվեց հրաբխի նման ու մոխրացավ այն ժամանակ, երբ շատերը դեռ չէին սկսել իրենց գրական վարժանքները։
Զարմանալի զուգադիպությու՞ն է, թե՞ օրինաչափություն. հանճարների ճակատագիրը հար և նման է իրենց ծնող ժողովրդի ճակատագրին։ Նրանք աչք են բացում հայրենիքի համար հույժ ճակատագրական պահերին։ Տպավորություն է, թե ժամանակի պահանջով են աշխարհ գալիս, որպեսզի հենարան դառնան ժողովրդին ու հայրենիքին։
Այս առումով 20-րդ դարի սկիզբը ամենաողբերգականն էր թուրքական բռնակալության ճիրաններում տառապող արևմտահայության համար։ Դեռ չէին չորացել համիդյան ջարդերի արյունալի հետքերը։ Հայ մշակույթը կանգնած էր ծանր խնդիրների առաջ։ Հայ միտքը երկունքի մեջ էր գաղթօջախներում։ Ահավոր էր հարվածի թափն ու ծանրությունը. գրականության առաջ ծառացել էր հայրենիքի ճակատագիրը. անհրաժեշտ էր լիաձայն հնչեցնել ժողովրդի պոռթկացող ցավն ու ցասումը, բոցավառել ապագայի հանդեպ մարած հավատը, վառել «հոգեվարքի ու հույսի ջահերը» (Դ.Վ.)։
Գրական կյանքը թռիչք ապրեց նախ Փարիզում։
Պոլիսը համիդյան մոլագար բռնապետության պայմաններում դանդաղորեն, բայց նույնպես պոռթկաց։ Արևմտահայ մտավորականության այս մեծ կենտրոնը ջարդերի տարիներին դեպի իրեն էր ձգում գրական նոր՝ թարմ ուժեր։ Դա «գավառական կամ վաղվան գրականության» նոր հոսանքն էր, որոնց մեջ էին Սիամանթոն, Վարուժանը, և մի փոքր ուշ՝ Մեծարենցը՝ իր «ազատության, լույսի, արևի, լիարժեք կյանքի, երջանկության կարոտներով, հույզերով ու երազներով»։
Երեքն էլ չափազանց տարբեր անհատականություններ էին, բայց բախտով՝ իրար հարազատ. երեքն էլ Պոլիս էին եկել իրենց ավերակված բնօրրանի կարոտով ու կսկիծով (երկուսը` Մեծ Հայքի Ակնաշխարհից, իսկ մեկը՝ Վարուժանը, Սեբաստիայից), երեքն էլ կյանքից հեռացան ծաղկուն հասակում ողբերգական մահով։
Նրանց մեջ, սակայն, կրտսերը Մեծարենցն էր։ Պոլիս եկած գավառական պատանին ուշադրություն էր գրավում իր բնավորությամբ ու արտաքինով։
Ահա թե ինչպես է նկարագրում նրան տեղի թերթերից մեկը․ «Երիտասարդ Միսաքը ուշադրություն էր գրավում իր բնավորությամբ և արտաքինով. «Հելլեն դասական ձուլվածք մը՝ հայեցի արտահայտությունով, իր դեմքը՝ ողորկ կիսափայլ մորթով մը քողքված... Ձվաձև կզակը ընդեզերող սև մորուսիկ մը երկու մատ...»։
Իսկ ժամանակակիցներից մեկը Մեծարենցի էության մասին գրում է. «Անմեղուկի պես անուշ, նոր հարսի մը պես շիկնոտ ու հրապուրոտ, նազանքոտ տղա մըն է Մեծարենց, մերթ ժպտուն, մերթ տխուր ու գրեթե միշտ բանաստեղծությունը շրթունքին, կը հևա, կը կարմրի,
կը սպառի..․ »։
«Մեծարենցը գավառական պատանեկության պաշտամունքի առարկան էր։ Մենք ատելությամբ հետևում էինք նրա դեմ սկսած պայքարը թեթևսոլիկ, անարժեք գրողների կողմից, նամակներ էինք գրում Միսաքին գոտեպնդելու համար։ Ես ստացա «Նոր տաղերը» Միսաքից նվեր։ Այդ նվերից հետո, ճիշտն ասած, հպարտ էի զգում ինձ։
Ժամերով նայում էի Միսաքի լուսանկարին և հափշտակվում, ժամերով կրկնում. «ՈՒ կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար»:
Բանաստեղծությունների իմ առաջին գրքույկը ինձ համար մի արժեք ունի. նվիրված է Միսաք Մեծարենցի գերեզմանին։ Նվերն անարժեք էր, բայց այն ժամանակվա իմ ամբողջ սիրտն էր։
Տարիներ հետո, երբ Պոլսում կռացա Միսաքի ցուրտ շիրիմը համբուրելու, ինձ թվաց, որ Միսաքը խոսեց ինձ հետ, խոսեց արևի համար տածած բուռն կարոտով:
Գույների այս չնաշխարհիկ երգիչը քնում էր անգույն տարածության մեջ:
Այժմ ես մեծացել եմ, դարձել չափահաս, դու մնացիր պատանի։ Այժմ իմ չափահաս ձեռքով և չափահասի խորին գուրգուրանքով շոյում եմ քո պատանի գլուխը, չքնաղ գլուխը, և արցունքներս վազում են քո երգերի վրա։
Երբ մրսում եմ այս աշխարհում, մե՛ծ պատանի, գրկում եմ քո երգերը, և ահա արևը սուզվում է իմ ցուրտ հոգու մեջ կաթիլ առ կաթիլ»։
Ցավն ու վիշտը ժամանակից շուտ են հասունացնում մարդուն։ Տակավին պատանի հասակում Մեծարենցը ստեղծեց բանաստեղծական գլուխգործոցներ, որոնք հասուն մտքի արգասիք էին, կատարեց թարգմանություններ, գրեց արձակ էջեր, որոնց մեջ էր «Ինքնադատության փորձ մը» գրականագիտական հոդվածը։ Դրանով նա ապտակ հասցրեց իր դեմ թշնամաբար տրամադրված գրական իմաստակներին։ Բայց շատերը զգացին ու բարձր գնահատեցին Մեծարենցի տաղանդը։ Գավառից եկած տաղանդավոր պատանին վրձնում էր իր ծննդավայրի գույները։
Հակոբ Տեր-Հակոբյանը գրում է․
«Ծիածանը» մեկ, հիմա ալ՝ «Նոր տաղեր»-ը։ Մեկ տարվան մեջ երկու հատոր, երկու հարձակում, և արդեն հափշտակված է արդի պոլսահայ բանաստեղծության գլխավոր մեկ աթոռը։
...Կատարելապես ինքնատիպ է, ինքնաստեղծ է իր նկարագիրը մեր մեջ»։
Բայց, ավա՜ղ մահվան ուրվականը հետևում էր նրան։ Բնական է, որ հիվանդ բանաստեղծի ապրումների մեջ զգալի տեղ պիտի գրավեր մահվան ահասարսուռ զգացումը․
Եկու՜ր, արդեն կը մսի՜ն հեգ երազներն իմ որբուկ.
Ալ հոգնած եմ անցնելեն կածաններե մենավոր,
Անձրև կիջնե հոգվույս մեջ, կը զգամ մահվան սրսըփուք,
Ձեռքս է պարապ մնացեր դատարկին մեջ սգավոր։
«Մթնշաղներ»
Նա չի բողոքում, չի ըմբոստանում անարդար ճակատագրի դեմ, ինչպես իր ժամանակին նույն ճակատագրին արժանացած հանճարը՝ Պետրոս Դուրյանը, այլ թաքուն հավատով ապավինում է բնությանը․
«Շողա՜, Շողա՜, բարի՛ արև, հիվանդ եմ»։
Հոգին ձուլվում է բնությանը. այնքա՜ն նման են քամու դեմ անպաշտպան օրորվող ծաղիկն ու ինքը․
Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
Բուրո՛ղ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
Ըսե՛, քիչ մը գեթ չե՞ս դողար,
Հովիկն անուշ երբ որ փչե։
Գիտե՞ս, ծաղիկ, անունն ի՞նչ է
Դողին, որ քեզ տվավ հովիկ,
Ու ձայնին, որ զիս կը կանչե․․․
«Անանուն»
Ես փորձ արեցի երգի վերածել այս ստեղծագործությունը։ Չգիտեմ՝ որքանով հաջողվեց ինձ երաժշտության մեջ դնել այն հույզը, թաքուն տագնապը, որ համակել է այդ պահին ճակատագրով դատապարտված բանաստեղծին։ Նոտագրեցի երգը, բայց այդպես էլ չհամարձակվեցի ներկայացնել որևէ մեկին։ Միայն դպրոցում «Մեծարենց» թեման անցնելիս սովորեցրի իմ սաներին։ Մենք այն երգեցինք դասարանում։
Մեծարենցն այսօր էլ հուզում է մարդկանց ոչ միայն իր սքանչելի ստեղծագործություններով, այլև ողբերգական ճակատագրով։
Գուցե քչերին է հայտնի, որ Չարենցի տուն- թանգարանում է պահվում է այն մատանին, որ Մեծարենցին նվիրել էր մայրը։ «Sputnik Արմենիան» գրում է․
«Սիրելի որդուն մահվան ճիրաններից փրկելու համար Միսաք Մեծարենցի մայրն անկողնային հիվանդ զավակին մի թալիսման էր նվիրել։ Շուրջ ութ տասնամյակ գաղթական հայ ընտանիքի հետ աշխարհում շրջելուց հետո Մեծարենցի կյանքի վերջին օրերի լուռ ու խոսուն վկան հասել է Հայաստան` պատմելու մոր ու որդու բացառիկ սիրո իր պատմությունը։
Կյանքի վերջին տարիների նրա միակ ու անդավաճան ուղեկիցը դարձավ մայրը, որն ամեն գնով փորձում էր փրկել որդուն։Այդ փորձերից մեկն էլ որդուն նվիրած ոսկե մատանին էր` ագաթե քարով, որի վրա «Գիրք գրքոցից» հետևյալ երկտողն էր փորագրված. «Կատարեալ սեր մերժե զերկյուղ»։
Մայրը հավատում էր, որ իր հզոր սերն ի զորու կլինի փրկել որդուն, մինչև որ մի օր սարսափով նկատեց, որ իր նվիրած թալիսման–մատանու քարը ճաքել է։ Մոր կատարյալ սերը փոխվեց մահվան անխուսափելիության հանդեպ երկյուղի։
1908 թվականի հուլսի 4-ի լույս 5-ի գիշերը Միսաք Մեծարենցը վախճանվեց, նրա շուրթերին անավարտ մնաց «մա՜յր» բառը։
Մեծարենցի մատանու պատմությունը շուրջ ութ տասնամյակ անհայտ էր հայ հետազոտողներին։
1985–ին Երևանի Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանը մի փոքրիկ մատանի ու մի ուղեկցող նամակ է ստանում ԱՄՆ–ից, որում Սփյուռքահայության կոմիտեի անդամ Վահան Ղազարյանը հայտնում էր, որ դա Միսաք Մեծարենցի մատանին է, որն իրեն է հանձնել բարեկամուհին` Մեծարենցի եղբոր դուստր Արշալույս Մեծատուրյանը։ Այդ մասին «Sputnik Արմենիային» պատմեց թանգարանի գրական-հուշային ֆոնդի վարիչ Մելանյա Եղիազարյանը։
Ի դեպ, Մեծարենցի մատանին, որպես բացառիկ ցուցանմուշ, այսօր էլ ցուցադրվում է Գրականության և արվեստի թանգարանի ցուցասրահում:Մեծարենցի ագաթե քարով ոսկյա մատանու հետ այսօր թանգարանում պահվում են նաև մեծ գրողին առնչվող բազմաթիվ ձեռագրեր ու լուսանկարներ»։
Մի անդրադարձով դժվար է ամփոփել հանճարի բնութագիրը։ Մենք դեռ շատ կանդրադառնանք նրան։
Պոլիս տեղափոխվելիս Մեծարենցն իր պարտքը համարեց այցելել Պաղլար Պաշի գերեզմանատուն՝ իր բախտակից հանճարի գերեզմանին ու իր սրտի խոսքն ասել նրան․
Հույզով մեռա՛վ ան, հուշքով` կ’ապրի դեռ,
Ծառերուն նըման` որ թարմ ու դալար,
Իր գերեզմանին կ’ելլեն քովն ի վեր:
Հիացքներ կ’երթան իրեն ետևեն…
Եվ իր հուշքերն ալ, հավետ անմոլար
ՈՒ միշտ ոգևոր` դեռ պիտի տևե՜ն:
Նույնը վստահորեն կարող ենք ասել նաև խոսքերի հեղինակին.
Հիացքներ կ’երթան իրեն ետևեն…
Եվ իր հուշքերն ալ, հավետ անմոլար
ՈՒ միշտ ոգևոր` դեռ պիտի տևե՜ն․․․
Ավա՜ղ, ինքն էլ արժանացավ նույն ճակատագրին։
Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ